Հեռավար ուսուցում

Հայաստանում հեռավար ուսուցումը դեռևս նոր է մտնում զարգացման փուլ: Նման ծրագրեր իրականացնում են բազմաթիվ բուհեր ու կազմակերպություններ, բայց գրեթե բոլորը՝ վերապատրաստման համակարգում:

ՀՀ կառավարությունը միայն 2010-ին հաստատեց «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման կարգը», որի հիման վրա՝ նաև հեռավար (դիստանցիոն) ձևերով ուսուցում չթույլատրվող բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկը, ապա՝ հեռավար ուսուցման կազմակերպման մեթոդական ուղեցույցը: Բայց սրանք դեռևս բավարար հիմք չեն՝ ապահովելու որակյալ հեռավար կրթություն:

Հեռավար կրթության իրականացման համար առաջին պայմանը թերևս այն է, որ բուհն ունենա համապատասխան թվայնացված նյութեր՝ գրադարան, թեստեր և այլն: Երևանի պետական համալսարանը որոշակի չափով ունի նման անհրաժեշտ պայմաններ, սակայն հեռավար կրթությունը դեռևս լիիրավ քաղաքացիություն չի ստացել: ԵՊՀ հեռավար ուսուցման կենտրոններում էլ ուսուցման հեռավար և ավանդական ձևերը դեռևս համադրվում են:

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը պետականորեն հռչակված է որպես գերակայություն. տարածաշրջանում մեր երկիրն առաջատար է: Բնականաբար բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների համատեքստում հեռավար ուսուցման զարգացումը նույնպես հեռանկարային է՝ հաշվի առնելով նաև 21-րդ դարում համալսարաններին ներկայացող նոր մարտահրավերները:

ԵՊՀ-ում իրականացվող հեռավար ուսուցմամբ իրականացվող ծրագրերի մասին.

1. ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտն իրականացնում է հեռավար ուսուցման եռամսյա ծրագիր՝ «Հայոց պատմության հիմնահարցեր» թեմայով:

Ծրագրի նպատակն է ունկնդիրների համար ապահովել թեմատիկ մասնագիտական կրթություն՝ կիրառելով հեռավար և ավանդական ուսուցման համակցված մեթոդը:

Ծրագիրը բաղկացած է մեկ ճանաչողական և տասը թեմատիկ փուլեր ընդգրկող դասաժամերից, որոնք հավասարաչափ բաշխվում են տասնմեկ շաբաթների միջև: Սահմանված են երկու ընթացիկ և մեկ ավարտական առցանց քննություններ, ինչպես նաև ավարտական աշխատանքի պաշտպանություն:

2. Հեռավար ուսուցման ծրագիր է իրականացնում Հայկական վիրտուալ համալսարանը, որը ստեղծվել է 2009թ. Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինանսավորմամբ և ԵՊՀ գիտնականների ջանքերով: ՀՎՀ-ի առաքելությունն է հայկական կրթություն (լեզու, պատմություն, մշակույթ և երաժշտություն) ստանալու հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացողներին: Ուսուցումն իրականացվում է 7 լեզվով,  առաջարկվում են մի շարք սերտիֆիկացված ծրագրեր և կրեդիտավորված դասընթացներ: Օգտագործելով համաժամանակյա և տարժամանակյա հաղորդակցման միջոցներ՝ ՀՎՀ-ն ուսանողներին հնարավորություն է տալիս սովորելու իրենց նախընտրած տեմպով, ինչպես նաև դեմ առ դեմ հանդիպելու օնլայն ուսուցիչների և վիրտուալ դասընկերների հետ:

3. Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնն  ստեղծվել է 2009թ.՝ ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ջանքերով: Կենտրոնը տեղակայված է ԵՊՀ-ում և իրականացնում է մասնագիտական  կարճաժամկետ ու երկարաժամկետ դասընթացներ: Հեռավար ուսուցման հնարավորություն Կենտրոնը տրամադրում է e-Sikshak ուսումնական ծրագրի միջոցով: Վերջինս հեռավար ուսուցման համար նախատեսված էլեկտրոնային բազմալեզու համակարգ է, որը մշակվել է C-DAC  ընկերության կողմից և կիրառվում է աշխարհի բազմաթիվ  առաջատար բուհերում:

4. Սոցիոլոգիայի ֆակուլտետում գործող հեռաուսուցման լաբորատորիան հիմնվել է 2004-ին՝ ԵՊՀ-ի և Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանի երկարատև ու բեղմնավոր համագործակցության շնորհիվ՝ Եվրամիության Tempus դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Լաբորատորիայի ստեղծման նպատակն էր խթանել և ընդլայնել ժողովրդավարության գործընթացը Հայաստանի կրթության համակարգում: Ընդլայնելով իր գործունեությունը՝ լաբորատորիան մասնաճյուղեր է ստեղծել Հայաստանի մի շարք մարզերում և ակտիվ կառույց է ոչ միայն ուսուցման նորագույն տեխնոլոգիաների կիրառման, այլև կրթության բովանդակության արդիականացման ու նոր գիտելիքների տարածման առումով:

Հեռաուսուցման լաբորատորիայի առաքելություննէ կրթության մատչելիության ու հասանելիության, ինչպես նաև շարունակականության ապահովումը բոլորի համար՝ անկախ տարածությունից, ժամանակից, զբաղվածությունից և տարիքից:

5. 2011 թ. նոյեմբերի  24-ին ԵՊՀ-ում բացվել է հեռավար ուսուցման  ևս մեկ կենտրոն՝ Մոսկվայի Բաումանի անվ. պետական տեխնիկական համալսարանի հեռավար մուտքի կետը՝ «Կրթական տեխնոլոգիաների փոխանցումը ԱՊՀ երկրների տեխնիկական համալսարաններ» ծրագրի շրջանակներում: Բաումանի համալսարանի առաջարկած կրթական ծրագրերից շատերը պահանջված են ոչ միայն ԵՊՀ-ում, այլև ամբողջ Հայաստանում: Ստորագրվել է երկու համալսարանների  համագործակցության հուշագիրը: Կենտրոնը գործում է Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության կազմում: