ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի ասիստենտ Սերոբ Խաչատրյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի հասարակագիտական անվանակարգի հաղթողներից մեկն է: Պարոն Խաչատրյանի հետ զրուցել ենք մանկավարժական գործունեության, կրթության փիլիսոփայության, դրա կառավարման մարտահրավերների, գիտության ոլորտի խնդիրների ու այլ թեմաների մասին:

– Պարո՛ն Խաչատրյան, ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը:

– Դպրոցական տարիներին ես զբաղվում էի շախմատով։ Իմացա, որ շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը փիլիսոփայական թեմայով ատենախոսություն է պաշտպանել, հենց այդ ժամանակ էլ ինձ հետաքրքրեց փիլիսոփայությունը։ Երբ 9-րդ դասարանում սկսեցինք «Հասարակագիտություն» սովորել, ես հասկացա, որ փիլիսոփայության գծով պետք է շարունակեմ համալսարանական իմ կրթությունը։

 

 Երբվանի՞ց եք զբաղվում մանկավարժությամբ: Ի՞նչն եք ամենից շատ կարևորում այս գործում:

– Մանկավարժությամբ սկսել եմ զբաղվել դեռևս 17 տարեկանում։ Դպրոցն ավարտելուց հետո ես մրցույթից դուրս մնացի և չընդունվեցի ԵՊՀ։ Այդ ժամանակ առաջարկ ստացա շախմատ դասավանդել Ախուրյանի պիոներ պալատում, որն արտադպրոցական հիմնարկ էր։ Այդ ժամանակ հասկացա, որ դասավանդելն ինձ դուր է գալիս։ 1996 թվականից արդեն սկսեցի դասավանդել ԵՊՀ-ում։

Մանկավարժության մեջ ամենաշատը կարևորում եմ լճանալուց խուսափելը։ Մանկավարժությունը վտանգավոր է այն առումով, որ եթե ամեն օր ինքնակրթությամբ չզբաղվես, ապա կարող ես լճանալ և չզգալ ուսանողներին։ Պետք է չկորցնես ուսանողներին զգալու և նրանց կրթական կարիքներին արձագանքելու կարողությունը։ Ես աշխատում եմ ամեն տարի առնվազն 10-20 %-ով թարմացնել իմ դասընթացները, որպեսզի ինքս անընդհատ լինեմ սովորողի կարգավիճակում։ Եթե միայն սովորեցնող ես, դա լավ չէ։ Միշտ պետք է լինես նաև սովորողի կարգավիճակում, որպեսզի լավ հասկանաս ուսանողին։   

– Կա՞ն հատուկ մշակված մեթոդներ, որոնք կիրառում եք Ձեր դասախոսությունների ժամանակ: Ո՞րն է հաջողության Ձեր բանաձևը:

 – Ես ծնվել եմ գյումրեցի հայտնի արհեստավորների ընտանիքում։ Ի դեպ, ներկայումս ԵՊՀ թանգարանում գտնվող ռեկտորի սեղանը հայրս է վերանորոգել։ Երբ սկսեցի դասավանդել, հասկացա, որ արհեստի և մանկավարժության մեջ ընդհանրություններ կան։ Արհեստավորն իր հետ միշտ ունենում է գործիքներ և, ըստ անհրաժեշտության, օգտագործում դրանք։ Նույնը ես անում եմ մանկավարժության մեջ։ Պետք է մտածես, թե տվյալ կուրսում, դասընթացի ընթացքում որ մեթոդներն ու հնարները լավ կաշխատեն։ Ես չունեմ հատուկ մշակված մեթոդներ։ Ամենաշատ ժամանակը ծախսում եմ այն հարցի վրա, թե տվյալ կուրսում որ մեթոդները, հնարները կիրառեմ։ Դա ինձ հնարավորություն է տալիս մշտապես կենտրոնանալու ուսուցման գործընթացի վրա։

 

– Պարո՛ն Խաչատրյան, ի՞ նչ համոզմունքների և արժեքների վրա պետք է հիմնված լինի կրթության փիլիսոփայությունը մեր օրերում:

– Կրթության ամենամեծ սխալներից մեկն այն է, որ մենք աշխարհը, կյանքը հաճախ ներկայացնում ենք շատ պարզունակ ձևով։ Արդյունքում մարդիկ սև-սպիտակ են ընկալում կյանքը, ամեն ինչի մեջ փնտրում են վերջնական, ճշգրիտ պատասխաններ, մտածում են, որ իրենք ճիշտ են, մյուսները՝ սխալ։ Ես շատ կուզենայի, որ կրթության փիլիսոփայության հիմքում լիներ այն համոզմունքը, որ մեր կյանքը շատ ավելի համալիր է, որ շատ հարցեր չունեն միանշանակ պատասխաններ, որ անորոշությունը մարդու կյանքի անխուսափելի մասն է։ Մեզ դուր են գալիս պատրաստի պատասխանները։ Բայց պակաս հետաքրքիր չեն հարցերը։